Ըստ էության 2010-ի կարգախոսի լակոնիկ պարզաբանումն էր «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնի (նախագահ` Արթուր Ղուկասյան) ութերորդ մեկնարկի համեստ արարողակարգը։ Դանիել Վահրադյանի մտահղացած խորհրդանշանի ութ մասերի շրջանակված «անցուդարձով» Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմառաջքում, կարծես, իրար էին հաջորդում համաշխարհային մշակույթում իրենց անջնջելի հետքը թողած հսկաներից յոթի հնարամիտ գտնված ուրվապատկերները։ Յուրաքանչյուրից ընտրված թևավոր խոսքերով փորձ էր արվում գեղագիտական մտքի մոտավոր հավաքական կերպարը ձևավորելու` Սոֆոկլեսից մինչև Շեքսպիր, Մոլիերից` Չեխով, Սունդուկյանից` Ստանիսլավսկի ու Սարոյան ընկած ընթացքի հպանցիկ մեկտեղմամբ։ «Ո՞վ է հաջորդը» ութերորդ անդեմ շրջանակը մտորելու տեղիք էր տալիս` ներկայիս բազմաբյուր արվեստագետներից ո՞ւմ բախտ կվիճակվի շահել ժամանակի դատը։
Ամենաընդգրկուն թատերական փառատոնի ութամյա խաղացանկի հարյուրավոր այլաոճ ու տարաժանր ներկայացումներից պահպանված տպավորություններով` առայժմ օդից կախված է մնում «ֆեստահարցը»։ ՈՒթերորդում խաղարկված 22 ծրագրային և 9 միջանկյալ (Fringe) ներկայացումների համապատկերում զգալիորեն նվազել էին շենշող թատերագույները։ Երբեմն-երբեմն ի հայտ գալով ու շուտով մարելով, առանձին դեպքերում` սոսկ տարատեսակի նորաոճ մատուցման ինչ-ինչ կողմերով հրապուրելով, բայց, ամբողջությամբ վերցրած, բարձրարվեստ հրավառության, ավաղ, չվերաճելով։ Առաջին իսկ` «Աննատ» (բեմադրիչ` Ամիրհոսեին Ասանի) ներկայացումից, որին պատահաբար էր շնորհվել «Հայֆեստի» վարագույրը բացելու պատիվը։ (Կողմնակի արգելքների բերումով Երևան գալու իրավունքից զրկված իրանական մեկ այլ` «Էմրուզ» թատրոնի «Ավաժիկ` արտադրված է Իրանում» թատերագորգի պոետիկ զարդանախշերով գայթակղված հատուկենտ հանդիսատեսներն ակնապիշ ոգևորությամբ էին պատմում Պանտեա Բահրամի բեմադրության արտասովոր գրավչության մասին)։ Հետաքրքիր գտնելով «Աննատ» դրամայի նկարչական կերպարը` «ֆեստասեր» հանդիսատեսը շուտով հոգնեց ինքնատիպ պահարանի եռաշար դռների բացուխուփ լինելուն ու առարկայական դանդաղկոտ փոփոխություններին հետևելուց։ Մանրակրկիտ կենցաղայնացմամբ պարզունակեցվել էր կին արարածի հոգեկան դրաման։ Ձանձրույթի միալար շշունջներն էին պաշարել ողջ հանդիսասրահը` շատերին տրամադրելով «ձեռնպահ մնալ» Ալբերտ Բեգջանյանի համակարգած իրանական ծրագրի մյուս ներկայացումները արժևորելուց։ Մինչդեռ «Crazy body» (թարգմ.` հոյակերտ մարմին) թատրոնի «Ցեխ» (խորեոգրաֆ` Ալի Ասղարի Քաջարի) մնջախաղային ներկայացումը զարմացրեց (ինչպե՞ս, Իրանի խուլ անկյունո՞ւմ) պլաստիկ լուծումների ու կատարման «եվրոպական» ներդաշնակությամբ։ ՈՒշագրավ էր «Ագրին» թատրոնի «Կայարան» («Station») տիկնիկային պատումը (բեմադրիչ` Ս. Էսլամյան) «մոբարակային» կերպավորմամբ։ Չթարգմանվող խոսքի առատությամբ` մասնակի հետաքրքրություն ներկայացրեց «Էդե» թատրոնի «Շրջանի ամենալավ մաման» կատակերգությունը (բեմադրիչ` Մ. Կուհեստանի), չնայած դերասանական ակտիվ զուգախաղին ու տպավորիչ կերպարանափոխություններին, որոնցով ներկայացումը ուշադրության էր արժանացել երկու այլ միջազգային փառատոներում դեռևս 2006 թվականին։ Տեսագրությամբ ծանոթանում եմ նույն բեմադրիչի ևս 3 աշխատանքներին։ Հատկապես տպավորվելով մունջ արտահայտչականությամբ պատերազմի սարսափներին ընդդիմացող «Վերջին ընթրիքով»։ Եվ կրկին համոզվում եմ, որ հզոր կատարողական ներուժի բացակայության պարագայում (բոստոնցիների քառակի խաղարկված «Ոդիսականն» էլ գրեթե անհետաքրքիր դարձավ չթարգմանվելով, չնայած բեմադրիչ Ջենիֆեր Ջոնսոնը փորձել էր փոքր բեմում մակույկի մեջ տարուբերվող Ոդիսևսի ու Պենելոպեի հարաբերություններն իմաստավորել որոշ թատերահնարքներով) այլազգի հանդիսատեսին դյուրընկալ լինելու մասին պետք է նախապես լրջորեն հոգալ։ Ինչպես, ասենք, Բրիտանական խորհուրդը «Imitating the Dog» թատերախմբի «Մեթյուսելա» հյուրանոցը» սեքսահենք դրամայի բեմադրությունը (Փիթ Բրուքս) կրկնակի ներկայացնելիս։ Ժամկետանց գրավչությունն անկիրք ու միապաղաղ այս դրամայի գամում էր ուշադրությունդ բեմի վրա հիմնականում տեխնիկական հնարքների անխափան ու հնարամիտ գործարկմամբ։ Այնքան վարպետորեն էին միաձուլվել զուգահեռ ընթացող կենդանի խաղն ու տեսանյութի հեռարձակումը, որ քեզ թվում էր, թե նոր տեխնոլոգիայի լաբորատոր գյուտի ես մասնակցում։ Տեսանյութի գերակայությամբ` երկարաձգման տաղտուկով շղարշվեց Գեորգ Բյուխների «Վոյցեկ» դրամայի, գուցե անհարկի քաղաքականացված, սարկաստիկ մեկնաբանությունն Ալեքսանդր Կովշունի։ Այդուհանդերձ, Խարկովի Շևչենկոյի անվան պետական ակադեմիական դրամատիկական թատրոնի դերասանախումբը, Անդրեյ Բորիսի գլխավոր դերակատարությամբ, կատարողական բարձր վարպետությամբ որոշ դրվագներում «փոքր մարդու» ողբերգությամբ վարակեց հանդիսատեսին։
Անհասկանալի լինելու վտանգը չէր սպառնում Ռուսաստանից հրավիրված Վլադ Դեմչենկոյի «Մահով տարված», Նատալյա Յուդինայի «Ցելոֆան» (բեմադրիչ` Դմիտրի Պետրուն), բեմադրիչ Ալեքսեյ Յանկովսկու «Ապոկալիպսիսի թարգմանիչը» (1 ժամ 20 րոպե «Գրադ» կայանքի նման թքառատ խոսք տեղացող դերակատարի ինքնությունը չկարողացա պարզել նույնիսկ փառատոնի նախագահի միջոցով) մենաներկայացումների և «ԾՌչ» թատերախմբի «Գավառական բժիշկի գրառումները» (բեմադրիչ` Անդրեյ Կորիոնով) ու «Ստի դետեկտոր» (բեմադրիչ` Միխայիլ Սմիռնով) կատակերգությունների խաղարկման լիարժեք ընկալմանը։ Առանձնահատուկ գովազդված, բազմամրցանակակիր առաջինը բևեռայնորեն հեռացել էր ճապոնացի վաղամեռիկ լեգենդար արվեստագետ, «Էքսցենտրիկ դեկադենտ» Յուկիո Միսիմայի արձակի ու պոեզիայի հոգեմտավոր խորխորատներից։ Իսլանդիայում ծնված և խուլ Սիբիրում իրագործված երկրորդ թատերանախագծի արժանավորությունը, արտիստական հարուստ ներքինով դիտարժան մատուցեց Կեմերովոյի պետական դրամատիկական թատրոնի առաջատար դերասանուհին` ընտանեկան հոգսերի պատյանում ներփակված կնոջ հոգու գաղտնարանը շերտ առ շերտ բացելով։ Ի հակակշիռ «ԾՌչ»ցիների, որոնց ցուցադրած երկու ներկայացումներում էլ թե՛ ռեժիսուրան էր կաղում, թե՛ դերասանական խաղը։ Ինտերակտիվ հնարքով հանդիսատեսին առաջին իսկ տեսարանից ներքաշելով ներկայացման տիրույթ` բեմադրիչ Կորիոնովը այնուհետև «սվաղեց» գլխավոր ասելիքի մերօրյա հնչողությունը, իսկ երեք դերակատարներն իսպառ կորցրին ներքին կրակը։ Անհաջող աճպարարությամբ համեմված երկրորդ ներկայացմամբ «ԾՌչ»-ն ակումբային սիրողականությունը պարզապես հավաստեց։ Իմաստավորված աճպարարությամբ որոշակի հանդիսատեսային համակրանք շահեցին «Նարոբով» սլովենական խմբի արտիստները («Տոկ-տոկ», բեմադրիչ` Մայա Դեկլևա)` անհամեմատ զիջելով չեխական «Լուդեմ» թատրոնի («Ծնունդ», բեմադրիչ` Հանա Գալետկովա) խենթուխելառ իմպրովիզների վարպետներին։
Մտերմանալով «Հայֆեստի» շրջանակներում անցկացվող Միջազգային փառատոների և միջոցառումների ասոցիացիայի (IFEA) «Բեմից այն կողմ» խորագիրը կրող չորսօրյա հանդիպումների մասնակիցներից շատերի հետ` հավաստիացա, որ թատերարվեստը տարբեր ազգերի մշակույթների մերձեցմամբ հարստացնելու նպատակասլացությամբ նախաձեռնվող համատեղ ներկայացումներն են այժմ որոշակի դրական տեղաշարժ ապահովում։ Մշակութային փոխշփումների անլիարժեքությունից շնչահեղձ լինող սկսնակներին արդի թատերախմորումների իրական պատկերի մասին բավականաչափ պատկերացում տվեցին Ելենա Պերովան (Սանկտ Պետերբուրգում Ֆինլանդիայի ինստիտուտի մշակութային զարգացման ծրագրերի փոխտնօրեն), Ռոջեր Մակքենը (պրոդյուսեր` Լոնդոնից), Դավիթ Բուրմանը («Կուկարտ» փառատոնի նախագահ), Գժեգոժ Ռեսկեն (պրոդյուսեր` Լյուբլինից) և մի շարք ուրիշ բազմափորձ թատերագործիչներ։ «Փառատոները շուկա են, որտեղ ոչ միայն մշակութային արտադրանք, այլև մտքեր են շրջանառվում,- ասաց Պեկինի թատերական ակադեմիայի ռեկտոր Շեն Լին։- Նույն ոլորտի մարդկանց հետ ոչ ֆորմալ, մտերմիկ միջավայրում հաճախակի շփվելով` հնարավոր է դառնում համագործակցության հստակ եզրեր գտնել»։ Շատերի նման առաջին անգամ Հայաստանում լինելով` նա շողշողում էր անծանոթ երկրի մարդկանց տաքսիրտ հյուրընկալությունից։ Նրա խանդավառությունը կիսում էին արտերկրից ժամանած բոլոր հյուրերն ու մասնակիցները։
Նախապես հրամցված թվային տվյալները չեմ մեջբերում. պարզվեց, գրեթե կրկնակի ուռճացված էին։ Կարծում եմ, դրա անհրաժեշտությունը չկար։ «Հայֆեստի» շուրջ համախմբված ԶԼՄ-ների, հատկապես հեռուստաընկերությունների եռանդուն աշխատանքով այս փառատոնի գովազդն ու հանրաճանաչումը (մեն մի «Հեռուստաօրագիրը» տասնյակ օրաթերթի դեր է կատարում) գերազանցում են բազմատասնյակ մյուսներին` համարյա «Ոսկե ծիրան»-ին մերձենալով, չնայած անհամեմատ պակաս է դրամագլուխը` մոտ 33 մլն դրամ։ Հրաշալի աշխատում են կամավորները։ Կազմկոմիտեն ամբողջ տարին փնտրտուքի մեջ է` ավելի քիչ հնարավորություն ունենալով աշխարհում շրջագայելու։ Թատրոնի փշոտ ճանապարհին ոտք դրած հայ երիտասարդներն ու երկրից դուրս ներկայանալուց զրկված ավագները ձգտում են անպայման ներգրավվել «Հայֆեստ»-ում։ Տարեցտարի աղքատացող խաղացանկը հարստացնելու համար, կարծում եմ, պետք է ավելի սերտացնել համագործակցությունը ՀՀ-ում գործող դեսպանությունների հետ։ 2006-ից նախկին ԽՍՀՄ-ի տարածաշրջանում (բացառությամբ` Մոսկվայի) գլխավոր ճանաչված փառատոնը հայաստանցիներիս համար իր որակական (բովանդակային) բարձր վարկանիշը նաև պիտի պահպանի` հնարավորինս լավագույն գեղարվեստական արժեքների «ներկրմամբ»։ Կարևոր է նաև, որ դրսեկները (գուցե փառատոնային «կյանքը» փոքր-ինչ երկարացնելով) մեր գործող թատրոններին առավելագույնս ծանոթանան (իհարկե, ոչ Թատերաքննադատների միջազգային համաժողովի թերկազմակերպմամբ)։ Մինչդեռ փառատոնում ընդգրկված ներկայացումներից էլ նրանք ամբողջական պատկերացում կազմելու ժամանակ չունեցան։ Այլ բան է, եթե սոսկ խաղացանկը լրացնելու միտումով էր 15 հայկական աշխատանքների մեծ մասը հայտնվել «Հայֆեստ»-ում, և շահեկան չէր լինի (սկսնակներինը` ակնհայտ անփորձության, ավագներից շատերինը` վարպետության պակասի կնիքով ներկայացան) օտար մասնագետների անմիջական հաղորդակցությունը դրանց։ Այդուհանդերձ, ինձ համար գոնե ուրախալի էր, որ ոմանք նկատել էին Արթուր Նազարյանի, Ցոլակ Մլքե-Գալստյանի և հատկապես բազմաշերտ Նարինե Գրիգորյանի բնատուր շնորհները։ Ինչպես նկատեց ՌԴ ԹԳՄ միջազգային երիտասարդական բաժնի փորձագետ Օլգա Պերևեզենցևան. «Փառատոները ԱՊՀ տարածքում ծնունդ առան խորհրդային հյուրախաղային քաղաքականությանը փոխարինելու օրգանական անհրաժեշտությամբ` դառնալով հանդիպավայր թատրոնների, արտիստների ու ոլորտի բոլոր գործիչների։ Հիմա եկել է ժամանակը նրանց, առաջնահերթ` երիտասարդության, շփումներն ակտիվացնելու և ընդլայնելու»։
Առայժմ մեզանում կազմակերպվող փառատոները (բացառությամբ մի քանի երաժշտականների) ավելի շատ քաղաքականության մշակույթի, քան մշակութային քաղաքականության նպատակասլացությամբ են աչքի ընկնում։ Ինչ վերաբերում է արդի համաշխարհային բեմի ընդհանուր նկարագրին, վերստին զարմանալիորեն բնութագրական է յոթ «ֆեստահսկաներից» Չեխովի ասույթը. «Բեմն արվեստ կդառնա միայն ապագայում, իսկ առայժմ նրանում ընդամենը պայքար է մղվում հանուն այդ ապագայի»։
Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ